Jump to content

Արշավիր Շահխաթունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավիր Շահխաթունի
Ծնվել էփետրվարի 19, 1885(1885-02-19)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 4, 1957(1957-04-04)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԿրթությունԹիֆլիսի զինվորական ուսումնարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Վաղարշակ Շահխաթունյան

Արշավիր Վաղարշակի Շահխաթունի (փետրվարի 19, 1885(1885-02-19)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 4, 1957(1957-04-04)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), հայ դերասան, կինոռեժիսոր և դիմահարդար՝ համր կինոյի ժամանակաշրջանում[2]։

Թատերական գործիչ, դերասան Վաղարշակ Շահխաթունյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1885 թվականի փետրվարի 19-ին, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում։

Սովորել է Թիֆլիսի զինվորական ուսումնարանում, ապա զինվորական ծառայության անցել Բաքվում։

Որպես դերասան առաջին անգամ բեմ է բարձրացել 1905 թվականին, Բաքվում։ Այնուհետև Բաքվից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Դերասանական ձիրքով աչքի է ընկել 1908-1909 թթ. թատերաշրջանում՝ Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության, ապա նաև Բաքվի մշակութային միության թատերախմբերում։ 1910 թվականից ելույթներ է ունեցել Թիֆլիսի տարբեր թատերախմբերում։

1913 թ. ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիա։

1913-1914 թթ. Ա. Խանժոնկովի կինոկազմակերպության հրավերով նկարահանվել է «Բելա» (ըստ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» ստեղծագործության, «Կովկասի նվաճումը», «Խանդ», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ կինոնկարներում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կովկասյան ճակատում մասնակցել է ռազմական գործողություններին, դարձել ցարական բանակի սպա։

1918 թվականին նշանակվել է Երևանի զինվորական պարետ և պաշտոնավարել մինչև 1920 թվականի վերջերը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել է արտասահման։ Որոշ ժամանակ ապրել է Ստամբուլում, մասնակցել «Հայ դրամատիկի» ներկայացումներին, ապա տեղափոխվել է Բուլղարիա, իսկ 1924 թվականին՝ Փարիզ։ Այստեղ նկարահանվել է «Միշել Ստրոգով», Աբել Հանսի «Նապոլեոն» և Դյուվիվեի «Մարդը Իսպանիո նավից» ֆիլմերում։ Հայկական թատերախմբերի ներկայացումներում հանդես է եկել որպես Սեյրան (Ալեքսանդր Շիրվանզադե, «Նամուս»), Ռոմեո (Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ»), Քին (Ալեքսանդր Դյումա, «Քին»), Աբեղա (Լևոն Շանթ, «Հին աստվածներ») և այլն։

1928 թվականին նախաձեռնել է «Անդրանիկ» ֆիլմի նկարահանումը, ուր հանդես է եկել Անդրանիկի և նրա հոր դերերի կատարմամբ։

1932 թվականից զբաղվել է կինոդիմահարդարմամբ, ճանաչվել որպես կինոդիմահարդարման նոր սկզբունքների կիրառող և հայկական համր կինոյի առաջատար դերասան։

Մահացել է 1957 թվականի ապրիլի 4-ին, Փարիզում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարդը Իսպանիո նավից» (1926)
  • Միշել Ստրոգով (1926)
  • Նապոլեոն (1927)
  • «Սպիտակ սատանան» (1930)
  • Լիբանանի տիկինը (1934)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 425.
  2. Capua p.191

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 425
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։